Համաշխարհային թատերգության դասական Վիլյամ Շեքսպիրի և Դրամատիկական թատրոնի ստեղծագործական “համագործակցությունը” ձևավորվել է թատրոնի հիմնադրումից մի քանի տարի անց և շարունակվել մինչև օրս
Դրամատիկականը միակ հայկական թատրոնն է, որը հետևողականորեն ընթացել է շեքսպիրյան ստեղծագործությունների ինքնատիպ և նորովի մեկնաբանությունների ճանապարհով՝ ամեն անգամ ձգտելով բացահայտել տակավին չհետազոտված և չմեկնաբանված շերտեր: Թատրոնը հատկապես իր խաղացանկ է բերել այն ստեղծագործությունները, որոնք հայ բեմում կամ քիչ բեմական ավանդույթներ են ունեցել, կամ բեմադրվել են առաջին անգամ: Սա վկայությունն է այն բանի, որ նպատակը եղել է նոր բեմադրական ավանդույթների հաստատումը, արդի թատերաարտահայտչական համակարգերի կիրառմամբ շեքսպիրյան ստեղծագործությունների բազմակողմանի մատուցումը:
1973 թվականին Հրաչյա Ղափլանյանը բեմադրեց “Ռիչարդ Երրորդ” ողբերգությունը, որն առաջին անգամ էր ներկայացվում հայ թատրոնում: Գլխավոր դերում հանդես էր գալիս Լևոն Թուխիկյանը: Բեմադրությունն աչքի ընկավ ռեժիսորական լուծումների բազմազանությամբ և, որ կարևորն է, այստեղ արդեն հիմք դրվեց “օտարացման” տեսությունը, որը հետագայում շարունակվեց Հրաչյա Ղափլանյանի այլ շեքսպիրյան բեմադրություններում: Հենց նույն տարում թատրոնի մոսկովյան հյուրախաղերի ժամանակ այս բեմադրությունն արժանացավ ռուս թատերագիտության և թատերական քննադատների բարձր գնահատականներին: Հր. Ղափլանյանը “Ռիչարդ Երրորդ” բեմադրեց նաև Մոսկվայի Եվգ. Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնում, ինչն էլ առիթ տվեց, որպեսզի տեղի ունենար հայ և ռուս թատրոնների ուշագրավ մերձեցում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխաիլ Ուլյանովը հանդես եկավ Ռիչարդի դերով դրամատիկականցիների հետ:
1978 թվականին Արմեն Խանդիկյանն իրականացրեց “Համլետ” ողբերգության բեմադրույթունը
Սա հայ թատրոնում երբևէ ստեղծված ամենահամարձակ և խիզախ բեմադրությունն էր, որում վերանայվում էին նշանավոր ողբերգության մեկնաբանությունների շատ ավանդույթներ, առաջ էր մղվում Ժամանակի կերպարը, որն արտացոլված էր “Դանիան բանտ է” արտահայտության մեջ: Համլետի դերում հանդես եկավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: Թատրոնի 1981 թ. մոսկովյան հյուրախաղերի ժամանակ բարձր գնահատվեց Ա. Խանդիկյանի բեմադրությունը, մասնավորաբար անվանի շեքսպիրագետ Ա. Օբրազցովան բեմադրությունը համարեց ամենաինքնատիպներից մեկը սովետական բեմական շեքսպիրապատումում: 1981-ին Երևանում տեղի ունեցած շեքսպիրյան բեմադրությունների համամիութենական փառատոնի առթիվ իր զեկուցման մեջ համաշխարհային շեքսպիրագիտական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բարտոշևիչը իր բարձր գնահատականը տվեց Ա. Խանդիկյանի բեմադրությանը: Նույն`1981թ. Հրաչյա Ղափլանյանը, առաջինը սովետական թատրոնում, բեմադրեց<Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը> ըստ <Հենրի Վեցերորդ> քրոնիկոնի: Այս բեմադրությունն արժանացավ շեքսպիրագետների բարձր գնահատականներին: 1992 թ. Արմեն Խանդիկյանն առաջին անգամ հայ թատրոն բերեց “Հուլիոս Կեսար” ողբերգության բեմադրությունը, որտեղ Հուլիոսի դերում հանդես եկավ Վլադիմիր Մսրյանը:
Այս ստեղծագործությանը թատրոնն անդրադարձավ 2011 թվականին: Բեմադրությունն արժանացավ ՀՀ Պետական մրցանակի: Առաջին անգամ էր հայ թատրոնում բեմադրված շեքսպիրյան ստեղծագործությունը գնահատվում պետական մրցանակով: Այս ներկայացումով թատրոնը 2014 թվականին մասնակցեց Ռումինիայում տեղի ունեցող շեքսպիրյան փառատոնին: 1996 թվականին թատրոնի խաղացանկ եկավ “Ռոմեո և Ջուլիետ” ողբերգությունը` Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ: Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ 2004 թ. ներկայացվեց “Մակբեթ” ողբերգությունը, որով թատրոնը մասնակցեց Լեհաստանում և Հունգարիայում կայացած շեքսպիրյան բեմադրությունների փառատոններին: Մակբեթի դերով հանդես եկավ ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը: Թատրոնը երկրորդ անգամ անդրադարձավ “Համլետին”` Արթուր Սահակյանի բեմադրությամբ, Համլետի դերում` ՀՀ Վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյան: 2014 թ.ին բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը ներկայացրեց <12-րդ գիշեր> կատակերգությունը, որն արժանացավ ՀԹԳՄ Արտավազդ մրցանակի: